Բանաստեղծություններ

Արագիլ

Արագի՛լ, բարով եկար, Հա՜յ, արագի՛լ, բարով եկար. Դու մեզ գարնան նշան բերիր, Մեր սրտերը ուրախ արիր։ Արագի՛լ, երբ գընացիր, Դու մեզանից երբ գընացիր, Հա՜ փըչեցին բուք ու բորան, Ծաղիկները ամեն տարան։ Արագի՛լ, բարով եկար, Հա՜յ, արագի՛լ, բարով եկար. Բունըդ շինիր էն հին ծառին Մեզ մոտ մնա ամբողջ տարին։

Բանաստեղծություններ

«Մարտ» Հովհաննես Թումանյան

Ա՜խ, էսպե՜ս էլ գիժ ամիս, Մարդու հանգիստ չի տալիս։ Էսօր ուրախ օր կանի, Վաղը անձրև ու քամի.   Առավոտը պայծառ օդ, Կեսօրը մութ ու ամպոտ։ Մին հագնում է սպիտակ, Մին կանաչին է տալիս. Մի օր ցուրտ է, մի օր տաք, Մին խնդում է, մին լալիս… Ա՛խ, է՜սպես էլ գիժ ամիս։

Ծեսեր

Քոլեջիկների կենաց ծառը

Ի հիշատակ դրախտի Կենաց Ծառի` Զատկի առթիվ ընդունված է եղել տներում նաեւ Կենաց ծառ (այսինքն` կյանքի ծառ) զարդարելը: Որեւէ կժի, կճուճի կամ ծաղկամանի մեջ չորացած ճյուղեր են դրել երիտասարդները եւ դրանց վրա կախել են զանազան ձեւերով ձվիկներ: